Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին և նշել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները առանձնահատուկ բարեկամական են, ինչը դրսևորվում է նաև երկկողմ շփումների ու փոխայցերի ինտեսիվությամբ: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հագեցած, բազմաբովանդակ օրակարգից և կարևորել տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետն ընդգծել է, որ կա տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և դրա իրացման գործում կարևորել է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը մեր երկրում, ՀՀ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունն ու ծրագրերի շարունակականությունը:
Վարչապետի խոսքով՝ ընդլայնվում են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջտարածաշրջանային կապերը: Այդ համատեքստում նա կարևորել է դեկտեմբերին Երևանում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ պատրաստ է սերտ համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ և պատրաստվում է իրականացնել 40 մլն դոլարի ծրագրեր:
Պարոն Շարպանտիեն ընդգծել է նաև, որ ֆրանիսական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում և այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ:
Զրուցակիցները հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում, ներդրումային ծրագրերի իրականացումը: